Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ապօրինի ծառահատումների համար կաշառք են տվել


Փետրվարի 11-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում մեկնարկեց  Բերդի տարածաշրջանում ապօրինի ծառահատումների հետ առնչվող մի խումբ  անձանց դատավարությունը: Վասիլ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանության պետական տեսչության մշտապես իշխանության ներկայացուցչի գործառնույթներ իրականացնող պաշտոնատար անձ, միաժամանակ 2016-2017թթ. ընթացքում ընդգրկված լինելով «Հայանտառ»   ՊՈԱԿ-ի  մի շարք անտառտնտեսություններում իրականացված ստուգումների ստուգող խմբերում, շահադիտական եւ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իր ծառայողական պարտականություններն օգտագործել է բնապահպանության տեսչության ծառայությանը հակառակ, ստուգումների  ընթացքում չի կատարել նորմատիվ ակտերով իր վրա դրված պարտականությունները, իր նախաձեռնությամբ եւ այլ անձանց դրդմամբ ոչնչացրել է հիշյալ անտառտնտեսություններում իրականացված ստուգումների  ընթացքում կազմված, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող ցուցակները, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող ստուգման ակտերում մտցրել ակնհայտ կեղծ տեղեկություններ: Սասուն Հայրապետյանը մեղադրվում է այն բանում, որ նա «Հայանտառ»   ՊՈԱԿ-ի  «Արծվաբերդի անտառտնտեսություն»   մասնաճյուղի Նորաշենի անտառպետության ֆոնդ հանդիսացող թիվ 5 պահաբաժնից խոշոր չափերով ապօրինի ծառահատումներ իրականացնելու նպատակով հիշյալ անտառպետության անտառապետ Վարդան Թարխանյանին եւ անտառապահ Անդրանիկ Եսայանին 5 առանձին դրվագով տվել է կաշառք: Էդգար Ղարագյոզյանը մեղադրվում է այն բանի համար, որ «Հայանտառ»   ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն»   մասնաճյուղի Նորաշենի անտառպետության ֆոնդ հանդիսացող թիվ 5 պահաբաժնից խոշոր չափերով ապօրինի ծառահատումներ իրականացնելու նպատակով հիշյալ անտառպետության  անտառապահ Անդրանիկ Եսայանին 7  առանձին դրվագով տվել է   կաշառք: Ավետիք Շառյանը մեղադրվում է այն բանում, որ «Հայանտառ »  ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն»   մասնաճյուղի Նորաշենի անտառպետության ֆոնդ հանդիսացող թիվ 5 պահաբաժնից խոշոր չափերով ապօրինի ծառահատումներ իրականացնելու նպատակով հիշյալ անտառպետության անտառապետ Վարդան Թարխանյանին եւ անտառապահ Անդրանիկ Եսայանին 2 առանձին դրվագով տվել է կաշառք: Նշված անձինք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Վ. Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը, մնացածների հանդեպ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: Հավելեմ, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում  քննվող մեկ այլ քրեական գործի շրջանակներում շարունակվում է  Անդրանիկ Եսայանի եւ Վարդան Թարխանյանի դատավարությունը:

Ոսկան Սարգսյան

 

Հրապարակվել է։ 00:35 13/02/2019