Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«ԱՌԱՎՈՏ» ․ «Թոռնիկիս հետ պատշգամբում նստած էի, գնդակն եկավ, արանքներումս ստի կպավ»(տեսանյութ)

ԱՌԱՎՈՏ» թերթը գրում է««Դե կրակոցիից ո՞վ չի վախիլ, ինչ տարիքի էլ ուզում է ինի, մարդ ապրիլ է ուզում: Ինչքան տանջանքով էլ ապրում ենք՝ ապրի՛լ ենք ուզում: Կյանքը լավ բան է, թանկ բան է»,- սահմանամերձ Բաղանիս համայնքի բնակիչ Մարգո Ալավերդյանը իրենց տան պատշգամբից ցուցադրելով հակառակորդի դիրքերը, այսպես պատմում էր, թե քանի անգամ են ինքը, ընտանիքի անդամները մահից փրկվել: Հակառակորդները ժամանակ առ ժամանակ կրակում են խաղաղ բնակիչների ուղղությամբ, կրակում են այն ժամանակ, երբ վերջիններս տանը քնած են լինում, իրենց այգիներում հող են մշակում: Մարգո տատն ասաց, որ բարեբախտաբար, մի քանի ամիս է՝ կրակոց չկա. «Մենակ պոստերի վրա է, դիրքերից իրար վրա են կրակում գյուղի վրա չէ, բայց դրանից առաջ ամբողջ գիշերը էն ինչերով ու ինչ ձեւի էին կրակում: Վերջանում էր կրակոցը, տղես վերուներ, «բատարեյը» վերցներ, ես ասում էի՝ էս կողքին դիպավ, նա ասում էր՝ չէ՛, մամա՛, վառոդինը դիպավ, էնքան մենք արդեն գլխի էինք, թե որտեղ է կպչում փամփուշտը: Թոռնիկիս հետ էստեղ՝ պատշգամբում նստած էի, երկուսով նստած՝ գնդակն եկավ, արանքներումս ստի կպավ: Քանի սանտի է մնացել, որ տուն մտներ; Տան վրա են կրակում»- ասաց նա ու ցույց տվեց պատի վրա կրակոցի հետքը, որը մեծ փոս էր: 

Ծեր ամուսինները պատշգամբում փայտե կտորներ են շարել՝ իրենց կրակահերթերից թվացյալ պաշտպանելու համար: Տատը պատմեց, որ ավտոտնակում էլ մի փոքր տեղ են հարմարեցրել, որպես թաքստոց, կրակոցների ժամանակ իջնում են այնտեղ, մինչեւ վտանգն անցնի: 

Սերյոժա Ալավեդյանի՝ տիկին Մարգոյի ամուսնու խոսքով՝ «Շատ է լինում, չենք էլ հասցնում ավտոտնակ էլ մտնենք»: Նա պատմեց, որ թոռը տան ննջասենյակում քնած է եղել, փամփուշտն իրենց «քսելով» անցել է: 


Ալավերդյանների որդին հակառակորդի կրակոցների հետեւանքով սրտի բարդ վիրահատություն է տարել: Ծնողներն այսօրվա պես հիշում են այդ չարաբաստիկ օրվա ամեն դետալը. «Ուժեղ կրակոցներ էր, մի կերպ փախանք, մտանք ավտոտնակը, էնտեղ էլ քար, փետ, երկաթ, ինչ կար, դրել էին, մթամ մեզ ապահովեինք: Կրակոցը որ կտրեց, տղես ասավ, որ դուրս եմ գալիս, գնաց բաղչեն, սկսվեց էդ կրակոցը, էնքան վախելով եկավ գարաժն ընկավ, ասավ՝ վա՜յ սիրտս: Ասեցի՝ տես էս ինչ վիճակի ենք, շուլո՞ւխ ես անում: Ասավ՝ մամա՛, շուլուխ չեմ անում, սիրտս էնա հա կանգնում էր, եկավ սենց բոց տալով առաջիս, էնքան ա որ հասցրի գլուխով սենց անեմ, որ ինձ չկպչի, եկավ, կողքիս տաքեց: Արկը տրաքել էր, թարմի տրուբեն քրքրվել էր, ծակ-ծակ: Բա ո՞նց չվախինք, ցավդ տանեմ: Դրանից հետո էնքան վատ զգաց իրան, վատացավ, տարանք Իջեւան, Դիլիջան, տարանք Երեւան, վերջին տարբերակը վիրահատությունն էր: 9 ժամ տեւեց սրտի վիրահատությունը, 7մլն փող մուծեցինք՝ որը բարեկամ, որը պարտքով, վարկերով…» 

Ընտանիքն աշխատող ձեռք չունի, հարցին՝ ձեր տան եկամտի աղբյուրը ո՞րն է՝ Մարգո տատը պատասխանեց. «Ասենք, կարտոշկա ենք ցանում, լոբի ենք ցանում, մեր գլուխը ստից պահում ենք: Կով ենք ունեցել, բայց էսքան վարկերի, պարտքերի հետ ո՞նց կարայինք պահեինք: Էդ էլ ենք ծախել: Էս երկու խոզն է, մեր յոլա տանելու համար են, որ մի քանի գոճի են ունենում: Խոզերն էլ արդեն մեծ են, արդեն դրանց միսն էլ չեն ուտի, ուղղակի մնացել է մեր դռանը, որ կա»: 
Ալավերդյանների միակ եկամուտը թոշակն է, մեկը ստանում է 34 հազար դրամ, մյուսը՝ 36 հազար: Այդ գումարը հազիվ բավականացնում է օրվա հոգսերը հոգալու, մյուս կողմից էլ վատ են զգում պարտքատերերի դիմաց՝ «հո մարդիկ անվերադարձ չե՞ն տվել»: Նրանք խնդրում են իշխանություններին գոնե սահմանամերձ համայնքների համար միջամտել ու հուսալի վարկերը սառեցնել, տոկոսներն իջեցնել: 



      

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 Հոդվածը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզ կատարված այցելության  ժամանակ։


Հրապարակվել է։ 06:25 26/08/2019