Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Փոխանակ արագաչափերի թիվն ավելանա, «պառկած միլիցաներն» են ավելանում

Նոյեմբերի 15-ին  ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն Աժ ամբիոնից հայտարարեց՝ այն կարծիքին չէ, որ արագաչափերը պետք է ավելանան, հակառակը, եկել են  եզրահանգման, որ պետք է մոնիթորինգ իրականացվի՝ դրանց տեղակայման անհրաժեշտությունը որոշելու համար: Նա խորհրդարանում հայտարարեց .«Կարծում եմ՝ կարճ ժամանակահատվածում արագաչափերի քանակը զգալիորեն կկրճատվի»: Արագաչափերի  քանակը կրճատելու «հեղափոխական»  որոշման  հետեւանքները դժվար չէ կանխատեսել: Հայաստանցի վարորդների մի մասը հաճախակի  գերազանցում է  սահմանված արագությունը, ասֆալտապատ ճանապարհներին մեծ արագություն բացելով` ստուգում  իր ավտոմեքենայի շարժիչի հզորությունը, մեքենայի արագընթացությունը: Դրա հետեւանքով բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են լինում`զոհերով եւ վիրավորներով: Այդ պատճառով հանրապետական նշանակության Իջեւան-Բերդ ավտոճանապարհին բնակիչներն իրենց  համայնքների տարածքներում «պառկած  միլիցաներ» `ասֆալտի ծածկի թեքություն-խոչընդոտներ են սարքել: Նման  «պառկած մելիցա»  5 հատ գոյություն ունի Այգեհովտի, 3-ը՝ Վազաշենի, 3-ը`Տավուշ  գյուղի տարածքներում: Այգեհովիտ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանը լրագրողիս հայտնել է, որ այդ տարածքում, որտեղ կառուցվել են ճանապահի ծածկի   արհեստական խոչընդոտները,   գյուղի դպրոցն ու մանկապարտեզն են գործում, այդտեղ նախկինում վթարներ շատ են եղել,որոնցից նաեւ  երեխաներ են տուժել: «Պառկած միլիցաներ»  կառուցել են նաեւ այլ համայնքների տարածքում: Բնակիչների պահանջով  այս տարի նման 8 հատ թեքություն կառուցվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղի, 7 հատ`Իջեւանի տաևածաշրջանի Աչաջուր համայնքի  տարածքում; Դրանք կառուցվել գյուղամիջյան ասֆալտապատ ճանապարհներին: Վարորդների մի մասը դժգոհում է , որ այդ թեքությունները խանգարում են նորմալ, օրենքով սահմանված արագությամբ ընթանալու,  աղճատում են ասֆալտի ծածկը: Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղ, Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան գյուղերում տեղադրված արագաչափերը 2015-2018թթ. տեղակայված էին, սակայն միացված չէին: Այդ գյուղերի ղեկավարները  դիմել էին դրանք վերագործարկելու խնդրանքով, քանի որ շատ վարորդներ այդ հատվածում մեծ արագությամբ էին ընթանում: Արագաչափերի թվի նվազեցման հետեւանքով ավելանալու է  վթարների թիվը: Հարկ է հանրապետական  եւ համայնքային նշանակության ճանապարհների  «պառկած միլիցաներն»  քանդել, ճանապարհի ծածկը հարթեցնել, այդ հատվածներում արագաչափեր տեղադրել: Ճանապարհի առանձնահատկություններից  ելնելով`պետք է տվյալ հատվածում  թույլատրելի  առավելագույն արագության տարբեր թվեր սահմանել:   Անկարգ վարորդներին զսպելու համար հարկ չկա  ճանապարհի ծածկը վնասել, թեքություններ սարքել, որոնք գիշերները տեղանքին անծանոթ վարորդների համար փորձանք են դառնում, վթարներ են լինում, ավտոմեքենաներ են ջարդվում:

Ոսկան Սարգսյան

Հրապարակվել է։ 23:56 17/11/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia