Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահմանամերձ Բարեկամավանի բնակիչները փայտի խնդրով դժգոհ են

Բարեկամավանը Տավուշի մարզի ամենահեռավոր, սահմանամերձ  գյուղերից է։  Այնտեղից խորհրդային տարիներին եւ հատկապես՝ Հայաստանի անկախանալուց հետո մեծ արտագաղթ է եղել։  Բարեկամավանը կտրված է  մեծ աշխարհից,  գյուղ մտնող հասարակական տրանսպորտ չկա։ Գյուղի հողերը գտնվում են ադրբեջանական  գնդակոծության տակ կամ ականապատ են,անասունների արոտավայրեր չկան, գյուղացիները դժվարությամբ են հայթայթում օրվա հացը։ Հոկտեմբերի 22-ի Բարեկամավանի կենտրոնում գյուղի բնակիչները հավաքվել են, դժգոհել , որ  հեռավոր, փաստացի պատերազմական վիճակում գտնվող  գյուղի բնակիչների ձմռան վառելափայտի խնդիրը չի լուծվում։ Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ 2015թվականին Բարեկամավանը գազաֆիկացվել է, սակայն գյուղում  բնական գազի բաժանորդներ չկան։ Գյուղացիները գազատարից իրենց առանձնատներ տանող միացումների  համար անհրաժեշտ  գումարը  չունեն,  մեկ մետր գազատար  խողովակի  գինը  4700 դրամ է, գումարած գազատար խողովակների զոդման աշխատանքների եւ այլնի գինը։  Շատ տներ  գազատարից  մեծ հեռավորությամբ են գտնվում, դրանք գազատարին միացնելու  գինը մեծ գումար է կազմում, որն ի վիճակի չեն հոգալու սոցիալապես անապահով, փաստացի պատերազմական իրավիճակում ապրող բարեկամավանցիները։ Ջ Միքայելյանի խոսքերով՝ եթե գյուղի տները գազաֆիկացված լինեին, ամռանը գյուղացիները բնական գազ կօգտագործեին, ինչի արդյունքում կնվազեր տարվա ընթացքում բարեկամավանցիների օգտագործած վառելափայտի քանակը։  Բարեկամավանին, ինչպպես անտառամերձ, սահմանամերձ մյուս գյուղերին, տրվել է յուրաքանչյուր ընտանիքի համար մինչեւ  8 խորանարդ մետր փայտի թափուկ,  ինքնապատրաստմամբ, ձեռք բերելու իրավունք։ Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ Բարեկամավանի փաստացի բնակչությունը  պարբերաբար քիչ չափով  փոփոխվում է,  գյուղում մոտ 75 ընտանիք մշտապես բնակվում է։  Բարեկամավանին տրվել է  ընդամենը 200 խորանարդ մետր թափուկ պատրաստելու թույլտվություն, ինչն  անբավարար է։  Ջ Միքայելյանը հայտնեց, որ գյուղի մոտակա անտառներում թափուկ չկա, այն գտնվում է  Բարեկամավանից մոտ 50 կմ հեռավորությամբ,նման մեծ հեռավորությամբ թափուկ պատրաստելու եւ տեղափոխելու ծախսը բարեկամավանցիները  ի  վիճակի չեն հոգալ; Բարեկամավանին, որպես սահմանամերձ, հեռավոր գյուղի, բացառության կարգով տրվել է  խորանարդ մետր վառելափայտը  1200 դրամով, ինքնապատրաստմամբ ձեռք բերելու թույլտվություն։ Սակայն այդ նպատակով «Հայանտառը» Բարեկամավանին տրամադրել է ընդամենը 100 խորանարդ մետր վառելափայտ ձեռք բերելու իրավունք։ Ջ Միքայելյանը հայտնեց, որ գյուղի կարիքների համար առնվազն 1000 խորանարդ մետր վառելափայտ է  հարկավոր։ Բարեկամավանը մաս է կազմում խոշորացված Նոյեմբերյան համայնքի; Հոկտեմբերի 22-ին Բարեկամավան է ժամանել եւ վառելափայտի խնդրի վերաբերյալ գյուղացիների   դժգոհությունը լսել Նոյեմբերյան համայնքի ղեկավար  Կարեն Աբազյանը։ Ջ Միքայելյանն ասաց, որ ինքը մշտապես հեռախոսակապի մեջ է Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Գիգոլ Խասիկյանի հետ, ով պատրաստակամ  է բարեկամավանցիներին  այդ  հարցով օգնել, սակայն հարկ  է վերադասի՝ «Հայանտառի» համապատասխան որոշումը։ Բարեկամավանի վարչական ղեկավարն ասաց, որ  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը  խնդրին  տեղյակ է , նա  իրեն հավաստիացրել է, որ բարեկամավանցիների վառելափայտի  հարցը  դրական կլուծվի։

Հրապարակվել է։ 07:36 24/10/2019