CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սամվել Ալեքսանյանի կոմբինատի բողոքող բանվորներին սպառնացել են, որ նրանց փոխարեն չինացիներ եւ հնդիկներ կբերեն


Նիկոլ Փաշինյանի  ղեկավարած շարժումը կոչված էր  պայքարելու Հայաստանում անօրինականության, մարդկանց  շահագործման, ապօրինի մենաշնորհների դեմ: Հեղափոխությունը հաղթեց, սակայն մեծահարուստներ կան, որոնց կողքով անցավ այդ հեղափոխությունը: Այդպիսին է «Երեւան Սիթիների»   եւ բազում ձեռնարկությունների տեր Սամվել Ալեքսանյանը: «Տեսանկյունին»   են դիմել Սամվել  Ալեքսանյանին  կամ նրա ընտանիքին պատկանող «Ալեքս գրիգ» ընկերության Բաղրամյանի հացամթերման կոմբինատի  բեռնող բանվորները: Նրանց մեծ մասը տարիներով աշխատում է, սակայն  գրանցված չէ, Հայաստանում իշխանափոխությունից հետո են նրանց մի մասին որպես աշխատող գրանցել են : Այդ կոմբինատի  բեռնող բանվորներն ամեն օր  աշխատում են 12 ժամ, 12 հոգով օրական բարձում 320-420 տոննա բեռ, սակայն ամսական ստանում շուրջ 85 հազար դրամ աշխատավարձ: Վերջերս բեռնող 17 բանվորները ցանկացել են բողոքել իրենց ցածր աշխատավարձից, սակայն վերադասը ավելի շուտ է գործել, մի քանի հոգու հեռացնելով աշխատանքից: Մնացած բանվորները, ի նշան իրենց ընկերների հետ համերաշխության, գործի չեն գնացել: Նրանց փոխարեն, առանց գրանցման, աշխատանքի են ընդունել նոր մարդկանց, որոնց մեջ, բողոքողների վկայությամբ՝ նույնիսկ անչափահաս կա; Կոմբինատի պաշտոնյաները տարիներով աշխատող, աշխատավարձից դժգոհ, բեռնող բանվորներին սպառնացել են, որ նրանց փոխարեն չինացիներ եւ հնդիկներ կբերեն: Բանվորները որպես բողոքի գործողություն ցանկացել են փակել Լեռնագոգ գյուղի ավտոճանապարհը, սակայն այդ գործողությունը կանխվել է:

Մի քանի օր առաջ «Իրավունք» թերթը գրել է. «Գործարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն արդեն տեւական ժամանակ է իրեն պատկանող սուպերմարկետներում Նիկոլ Փաշինյանի նկարով «Վարչապետ», «Դուխով» անվանումներով օղիներ եւ «Նիկոլ» կոնֆետներ է վաճառում: Եվ մինչ սոցցանցերում այս ամենի շուրջ անեկդոտներ եւ պատմում, պարզվում է՝ նոր իշխանությունները բավական շոյվել են այս ամենից, եւ Ս. Ալեքսանյանի ջանքերը տվել են իր դրական արդյունքները: ՀՀ հարկային ծառայությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, պարզվում է՝ Սամվել Ալեքսանյանը սկսել է ավելի քիչ պետական հարկ վճարել, քան վճարում էր նախորդ տարիներին՝ նախկին իշխանությունների օրոք: Փաստորեն, հեղափոխությունը ում-ում, բայց այսօրվա իշխանությունների կողմից ամենաքննադատված ու օլիգարխ համարվող Ալեքսանյանի համար խիստ արդյունավետ եղավ»:

Հուսանք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը կզբաղվի  Բաղրամյանի հացամթերման կոմբինատի շատ  շահագործվող, սակայն քիչ վարձատրվող, ներկայումս անգործ մնացած  բանվորների  խնդրով:

Ոսկան Սարգսյան                      

Հրապարակվել է։ 22:46 27/01/2019