Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշցի Արգամ. «Պատերազմները տհաճ երեւույթ են, այդքան մարդ զոհվեց ամբողջ աշխարհում»


Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում է բնակվում 15-ամյա Արգամ Ալիբեկյանը: Ոսկեպարը սահմանակից է Ադրբեջանին, որտեղից հաճախ են կրակոցներ լսվում: Դպրոցում հատուկ թաքստոց կա՝ կրակոցներից պատսպարվելու համար: Արգամը դպրոցում ազգագրական պարերի խմբակ է հաճախում, ինչպես նաեւ՝ ռոբոտաշինությամբ է զբաղվում. «Ռոբոտաշինության խմբակով շատ մրցույթների ենք մասնակցել, վերջինը «Դե՛ անիմացրու» մրցույթն էր, որտեղից երկու տարի է մրցանակ ենք շահում: Երազում եմ ծրագրավորող դառնալ, որովհետեւ համ փողոտ գործ է, համ էլ կարեւոր մասնագիտություն է: Եթե հետագայում իմ աշխատանքով կարողանամ ինչ-որ բանով օգնել մեր գյուղին, անպայման կօգնեմ, ամեն կերպ պիտի փորձեմ, որ գյուղի համար մի կարեւոր անեմ»: Ոսկեպարի դպրոցում սպորտդահլիճ կա, բայց անխնամ վիճակում է, պատերը փլվում են, մարզագույքն էլ վատ վիճակում է, սակայն, ինչպես ասում է Արգամը. «Ոչինչ, կարեւորը խաղաղություն լինի, դա էլ է մեզ բավարարվում»: Արգամը սիրում է իր գյուղը. «Ոսկեպարը պատվավոր գյուղ է, որովհետեւ հայ-ադրբեջանական սահմանն ամուր է պահում: Մեր գյուղում գեղեցիկ անկյուններ կան, պատմամշակութային հուշարձաններ: Իսկ Ոսկեպար գետն ուղղակի չքնաղ է, նույնն էլ՝ Ոսկեպարի լեռնաշղթան»: Սակայն ամենից ավելի Արգամը խաղաղությունն է սիրում.«Մենք երեխաներս, ինչ ազգից էլ լինենք, մեղավոր չենք, որ կրակում են, մենք չենք պատերազմողը, մենք երեխաներով թշնամիներ չենք, բայց հնարավոր է, ինչ-որ պահի սահմանին կանգնած իրար դեմ կռվենք՝ մեր հայրենիքը պաշտպանելիս: Ապրիլյանի ժամանակ այդքան զոհեր եղան թե՛ մեր կողմից, թե՛ հակառակորդի: Շատ տխուր է, որ այդքան մարդ պակասեց աշխարհի երեսից՝ պատերազմի պատճառով»: \



 Գոհար Հակոբյան

www.aravot.am

Հրապարակվել է։ 08:37 27/06/2019