Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վարագա Սուրբ Խաչի տոնը Նոր Վարագավանքում

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ  2004 թվականից Վարագա Խաչի Տոնը հռչակված է Նոր Վարագավանքի ուխտի օր ամեն տարի այս օրը Տավուշ է բերվում նաև Վարագա Սուրբ Խաչի մասունքը՝ որպես վերադարձ իր հայրենի տուն։

Պատմականորեն վկայված է, որ չորրորդ դարում Սուրբ Հռիփսիմեն Տիրոջ Խաչափայտի մասունքը բերեց Հայաստան աշխարհ, և շուրջ 17 դար Խաչափայտի մասունքը գտնվում է մեր ժողովրդի մոտ։ Պատմական Հայաստանի Վարագավանքից տեղափոխվելով՝ մասունքն ապա շուրջ 400 տարի հանգրվանել է հենց Նոր Վարագավանքում։

Տերունական Խաչափայտի մասունքը յուրաքանչյուր տարի շրջում է Տավուշ աշխարհում՝ տուն առ տուն փոխանցելով Քրիստոսի ներկայության օրհնությունը, ապա՝ հանգրվանում իր տանը՝ Նոր Վարագավանքում։

Այսօր՝ տոնի օրը, Հայաստանի տարբեր ծագերից և արտերկրից ժամանած հարյուրավոր ուխտավորներ էին եկել Նոր Վարագավանք՝ հաղորդվելու Տիրոջ կենարար Խաչափայտին և նորոգված ու այլակերպված վերադառնալու իրենց հայրենի շեներ և օջախներ։

«Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»: (Գաղատ․ 6․14)

Պողոս առաքյալի՝ 1-ին դարում ավանդած խոսքերը 21-րդ դարում կրկին որպես ապրող իրականություն հնչեցին Նոր ՎարագավանքումԲագրատ Սրբազանն այս պատգամը փոխանցեց տոնին ներկա բոլոր ուխտավորներին

«Ի՞նչ է Տիրոջ Խաչով պարծենալը։ Մի՞թե դա պարծանքի մարդկային, պարզ զգացում է։ Ո՛չ, ո՛չ և ո՛չ։

Խաչով պարծենալ նշանակում է սիրել առանց ակնկալիքի։

Խաչով պարծենալ նշանակում է զոհաբերություն անել՝ առանց վարձահատուցման սպասելու:

Խաչով պարծենալ նշանակում է հավատքդ փոխանցել մարդկանց՝ ոչ թե նրաց ճնշելով և ստիպելով, այլ սիրո մեջ։

Խաչով պարծենալ նշանակում է բարիք գործել՝ առանց սպասելու, որ այդ բարիքը շահ կդառնա քեզ համար։

Խաչով պարծենալ նշանակում է սիրել քո նմանին, քո շուրջը գտնվողին, մեծին ու փոքրին՝ առանց սիրվելու մանկական զգացումի։

Խաչով պարծենալ նշանակում է հաղթել չարիքինհաղթել ոչ թե խոսքով, այլ կենցաղավարությամբ, վարքով, բարեվարքությամբ, ապրումով, զգացումով, ինքնանվիրումով։

Խաչով պարծենալ նշանակում է ոչ թե սոսկ խոսել ապաշխարության, զղջումի մասին, խոսել վեհ, բարձր բաների մասին, այլ նշանակում է զգալ այդ զղջումն ու ապաշխարությունը՝ ամեն քայլի մեջ ունենալով մեղքի զգացումը։ Խաչով պարծենալ նշանակում է կարողանալ ընդունել դա մերկացած հոգով և սրբագրել կյանքը, որպեսզի այն չտարածվի՝ քաղցկեղ դառնալով բոլորի համար։

Խաչով պարծենալ նշանակում է հաշտություն կնքելհաշտություն կնքել Աստծո հետ, հաշտություն կնքել մարդու հետ, հաշտություն կնքել, ի վերջո, ինքդ քեզ հետ, որովհետև ամենամեծ կռիվն ու պատերազմը մարդն ինքն իր հետ է մղում, եթե ինքն ազնիվ է իր նկատմամբ։

Եվ սա այսօրվա հրամայականն է մեզ համար»։

 

Հրապարակվել է։ 09:54 30/09/2019