CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Զորամասի հրամանատարի տեղակալը մեղադրվում է դիզվառելիքի յուրացման մեջ


Տավուշի մարզում տեղակայված, ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի թիկունքի եւ ծառայության գծով տեղակալ,փոխգնդապետ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչ, 1973թ.ծնված  Ա.  Յ.-ն  մեղադրվում է այն բանում, որ նույն զորամասի հրամանատարի 2018թ. մարտի 2-ի հրամանով իրեն ենթակա ծառայության՝ նյութաապահովման վաշտի հաշվեկշռում գտնվող «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենայի միջոցով ախտահանման աշխատանքներ կազմակերպելու եւ կատարելու համար կազմել է ժամանակացույց, որի հիման վրա զորամասի պահեստից ստացել է 90 հազար 950 դրամին համաժեք 250 լիտր դիզելային վառելիք, որից հետո օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ իրեն վստահված 30 լիտր դիզելային վառելիքն ախտահանման  աշխատանքներ կատարելու համար հատկացրել է «ԳԱԶ 66» ավտոմեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող շարքային Արայիկ Ժամհարյանին, իսկ մնացած 220  լիտր դիզելային վառելիքը յուրացրել է, տեղափոխել իր բնակության վայր եւ օգտագործել իր անձնական կարիքների համար: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ա. Յ.-ն կապիտան Վարդան Եղիազարյանի միջոցով 2018թ. մարտի 3-ին  կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ագրեգատի աշխատանքային թերթում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել, թե իբր ախտահանման աշխատանքները  տեւել են 9 ժամ եւ ծախսվել է  248.4 լիտր դիզելային վառելիք: Նա դրանից հետո, զորամասի հրամանատարի 2018թ. մայիսի 16-ի հրամանով ախտահանման աշխատանքներ կազմակերպելու եւ կատարելու համար կազմել է ժամանակացույց, որի հիման վրա պահեստից ստացել է 91 հազար 677.6 դրամին  համարժեք 252 լ դիզվառելիք, սակայն այն չի հատկացրել վարորդ Ա. Ժամհարյանին, այն յուրացրել է եւ օգտագործել իր անձնական կարիքների համար: Ա. Յ.-ն կապիտան Վարդան Եղիազարյանի միջոցով 2018թ. մայիսի 19-ին  կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ագրեգատի աշխատանքային թերթում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել, թե իբր ախտահանման աշխատանքները  տեւել են 9 ժամ եւ ծախսվել է  պահեստից ստացված 252 լիտր դիզվառելիքից  248.4 լիտրը:  Ա. Յ.-ին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(«Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով») եւ 314 հոդվածով(«Պաշտոնեական կեղծիքը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:  Մեղադրանքը պաշտպանում է  Լոռու կայազորի զինվորական դատախազությունը:  Սույն քրեական գործով դատավարությունը նշանակված է  Տավուշի մարզի ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանում:

Ոսկան Սարգսյան

 

Հրապարակվել է։ 23:37 25/01/2019