+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խորեն Բայրամյան․ Ես լավ եմ հայերեն խոսում, բայց Նոյեմբերյանի բարբառով եմ խոսում, ես Կոթի գյուղից եմ

Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ «Ռոստովի» 28-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը որոշել է հանդես գալ Հայատանի Ազգային հավաքականում: Չնայած ֆուտբոլային քաղաքացիությունը փոխելուն՝ նա նոր մրցաշրջանից լեգեոներ չի համարվի ՌուսաստանումSport24-ին տված հարցազրույցում Բայրամյանը պատմել է իր ընտրության մասին ու կիսվել սպասելիքներով.

-Խորեն, ի՞նչ զգացողություններ ունես: Հիմա խաղալու ես Հայաստանի ազգային հավաքականում:

-Իհարկե, շատ ուրախ եմ, ինչպես ես, այնպես էլ՝ իմ ընտանիքը: Բայց ես, թերևս, դեռ լիարժեք չեմ գիտակցում այս ամենը: Կարծում եմ՝ այս ամենը կգիտակցեմ, երբ ժամանեմ Հայաստան, ծանոթանամ թիմի հետ ու նրանց հետ լինեմ միևնույն հանդերձարանում: Երբ առաջին անգամ հագնեմ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, ահա այդ ժամանակ իսկապես կհասկանամ, թե դա ինչ է: Շատ եմ սպասում այդ պահին: Կարծում եմ՝ հուզիչ կլինի:

-Ի՞նչ մտքեր ունես Հայաստանի հավաքականի մասին, ի՞նչ գիտես նրա մասին:

-Կարող եմ միայն ասել, որ որակյալ ֆուտբոլիստներ ունենք, միշտ ունեցել ենք պինդ և մրցունակ կազմ: Իհարկե, առանձնանում է Հենրիխ Մխիթարյանը, որը մեծ վարպետ է, օրինակ և կուռք, որին շատ տղաներ պետք է փորձեն հավասարվել: Բացի Հենրիխից, ես ճանաչոևմ եմ նաև Վարազատ Հարոյանին «Ուրալից», նա շատ որակյալ պաշտպան է: Գիտեմ նաև Ալեքսանդր Կարապետյանին «Սոչիից». վերջերս եմ նրա հետ ծանոթացել: Կարող եմ լավ խոսքեր ասել նաև մյուս տղաների մասին: Նրանք տաղանդավոր և մրցունակ ֆուտբոլիստներ են: Հիմա՝ նոր, անվանի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ, կարծում եմ՝ հավաքականում գործերը պետք է լավ ընթանան:

-Շատերը մինչև վերջ չէին հասկանում, թե ինչու ավելի վաղ չէիր որոշում ընդունել Հայաստանի հավաքականի հրավերը:

-Իհարկե հեշտ է դատելն ու ինչ-որ մտքեր ունենալը, բայց մեկ բան է, երբ դու, ինչպես Հենրիխ Մխիթարյանը, 23-24 տարեկանից խաղում ես բարձր մակարդակում, բայց իմ դեպքում այլ էր: Եթե ես ավելի վաղ գայի հավաքական, այստեղ կարող էի փակվել: Փառք Աստծո, հիմա այլևս խոչընդոտներ չկան: Կարծում եմ՝ հիմա ամեն ինչ լավ կլինի:

-Խաղացել ես Մխիթարյանի դեմ, իսկ հիմա նրա հետ կիսելու ես հանդերձարանը: Ծանո՞թ ես նրա հետ:

-Հենրիխը եվրոպական մակարդակի աստղ է: Մենք նրա հետ ծանոթացանք, երբ «Ռոստովը» խաղում էր Չեմպիոնների լիգայում: Մեզ ծանոթացրեց Դոնեցկի «Շախտյորում» իր նախկին թիմակից Մարկո Դևիչը: Այն ժամանակ մենք մի քանի բառ փոխանակվեցինք ու միմյանց հաջողություն մաղթեցինք: Ինձ համար դա մեծ իրադարձություն էր: Իսկ հիմա, Աստված տա, նրա հետ կկիսեմ հանդերձարանը: Հիանալի կլինի, ցանկանում եմ հնարավորինս շուտ զգալ դա:

-Հայերե՞ն էիք խոսում:

-Այո: Հարցրինք, թե գործերն ինչպես են ու հաջողություն մաղթեցինք իրար: Իրականում, ես լավ եմ հայերեն խոսում, բայց Նոյեմբերյանի բարբառով եմ խոսում, ես Կոթի գյուղից եմ, այդ իսկ պատճառով երբ փորձում եմ հայերեն խոսել, երկար եմ մտածում, որպեսզի ճիշտ կապեմ բառերը:



-Խոսե՞լ ես Խոակին Կապառոսի հետ:

-Ոչ, անձամբ չեմ խոսել, բայց գիտեմ, որ նա խոսել է Վալերի Կարպինի հետ: Ինձ հետ կապ է պաշտպանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

-Վալերի Կարպինն ի՞նչ ասաց:

-Նա աջակցեց ինձ:

-Չասա՞ց՝ «վերջ, հայտնի դարձար»:

-Հա-հա, ոչ, նա միշտ աջակցում է իմ ընտրությունը: Ասաց՝ «Առա՛ջ, փորձի՛ր»: Միայն հաջողություններ մաղթեց Հայաստանի հավաքականի հետ:

-Այն փաստը, որ հայ ֆուտբոլիստները նոր մրցաշրջանից այլևս լեգեոներ չեն համարվելու ՌՖՊԼ-ում, կարևո՞ր դեր խաղաց:

-Այո, հենց սահմանափակումը հանեցին, ես մտածեցի՝ վերջ: Ոչ միայն ես, հայկական արմատներով մյուս ֆուտբոլիստները ևս: Կարծում եմ՝ ամեն ինչ տանում էր դրան:

Շատ ուրախ եմ, որ վերջապես խաղալու եմ Հայաստանի հավաքականի կազմում:

Առաջինն ո՞վ է քեզ շնորհավորել:

-Ամեն ինչ դեռ շարունակվում է ինչպես տետատետ, այնպես էլ՝ սոց.ցանցերում: Կցանկանայի բոլորին շնորհակալություն հայտնել հաճելի խոսքերի և աջակցության համար: Ինձ համար շատ հաճելի է: Շնորհակալ եմ բոլոր հայ երկրպագուներին: Ինձ համար շատ հաճելի ու կարևոր էր այն, որ մենք, քննարկելով այս հարցը, եկանք նրան, որ բոլորը կողմ են ու ուրախ այս որոշման համար: Շնորհակալ եմ «Ռոստովի» նախագահ Արտաշես Հարությունյանցին, Վալերի Կարպինին, և, իհարկե, իմ ընտանիքին: Նրանք միշտ իմ կողքին են, շատ շնորհակալ եմ նրանց: Տանը բոլորին՝ կնոջս, ծնողներիս, եղբորս, պատմեցի, որ համաձայանություն կտամ: Նրանք առաջինն էին, որ ինձ համար ուրախացան: Բայց բարեկամներս ու երկրպագուները մինչև հիմա շարունակում են շնորհավորել, ինչի համար երախտապարտ եմ նրանց:

-Վերջին անգամ ե՞րբ ես եղել Հայաստանում:

-Երկու տարի առաջ: Մենք այցելել էինք պապիկիս, Աստված նրա հոգին լուսավորի: Այն ժամանակ պապիկս դեռ ողջ էր, եղբորս հետ մեկնեցինք Հայաստան ու այցելեցինք մեր բոլոր հարազատներին: Հիանալի ժամանակներ էին:

-Ի՞նչ նպատակներ ես կապում Հայաստանի հավաքականի հետ: Ի՞նչ ես կարծում, թիմն Ազգերի լիգայի առաջիկա մրցաշարում կկարողամա՞ հաղթահարել որակավորման փուլը:

-Ես հավատում եմ դրան, ու կարծում եմ՝ հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն էլ հավատում են: Բոլորի գլխավոր նպատակը դա է, քանի որ Հայաստանի հավաքականը երբեք չի խաղացել մեծ մրցաշարերում: Կարծում եմ՝ սա ամբողջ երկրի, ֆեդերացիայի և ֆուտբոլիստների առավելագույն խնդիրն է: Մենք պետք է դրա համար ամեն ինչ անենք, կարծում եմ՝ ընկերական և ուժեղ կոլեկտիվ պետք է ունենանք, որ հասնենք այդ նպատակին: Հայաստանի հավաքականը միշտ եղել է որակավորված և լավ թիմ: Այո, գուցե ինչ-որ հարցերում բախտը չի ժպտացել, բայց կարծում եմ՝ վաղ թե ուշ մենք պետք է հասնենք այդ նպատակին: Մեծ հույսեր ունեմ, որ իմ խաղով դրա մի մասնիկը կլինեմ:

-Հիմա Հայաստանի հավաքականում նորից Խորիկ կլինի: Հավանաբար, հայրդ քեզ պատմել է Խորեն Հովհաննիսյանի մասին:

-Իհարկե, հայրս նրա պատվին էլ ինձ անվանակոչել է: Այն ժամանակ բոլորը խելագարվում էին Խորեն Հովհաննիսյանի համար, իմ հայրը շատ է սիրում ֆուտբոլ, այդ իսկ պատճառով ինձ անվանակոչել է մեր լեգենդար ֆուտբոլիստի պատվին:

-Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հատվածում իրավիճակը լարված է: Գիտեմ, որ դու արմատներով հենց Տավուշի մարզից ես, որտեղ վերսկսվել են ռազմական գործողությունները: Ինչպե՞ս ես նայում այս իրավիճակին:

-Իհարկե սարսափելի է լսել ու տեսնել, թե ինչ է հիմա կատարվում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Բայց մեր բոլորի ցանկությունն այն է, որ ամեն ինչ լուծվի խաղաղ ճանապարհով: Մենք բոլորս ամեն դեպքում ապրում ենք 21-րդ դարում և ցանկանում ենք, որ մարդիկ նստեն ու մարդասիրական ճանապարհով լուծեն բոլոր թյուրիմացություններն ու խնդիրները: Չեմ ցանկանում, որ անմեղ մարդիկ զոհվեն, որ արյուն թափվի:

 

Հրապարակվել է։ 10:09 20/07/2020